www.HAYLAND.am-ի Շնորհանդեսը Հավանաբար նկատել եք վերջերս մեր քաղաքում հայտնված պաստառները, որոնցից մեզ են նայում տարօրինակ մարդուկներ: Նրանց կարելի է հանդիպել նաև որոշ անցորդների սպիտակ շապիկներին «Կհանդիպենք»մակագրությամբ: Իսկ թե ինչ առիթով էինք հանդիպելու, դրա մասին ոչ ոք չգիտեր: Գիտեինք միայն, որ հանդիպելու ենք շաբաթ օրը` հոկտեմբերի 4-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում: Միջոցառման կազմակերպիչները հնարավորինս գաղտնի էին պահում հանդիպման առիթն ու նպատակը` երևի սպասվող անակնկալի հանդեպ էլ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու նպատակով: Վերջապես հոկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, հանդիպեցինք նշված վայրում: հանդիպման առիթը Hayland.am կայքի շնորհանդեսն էր: Տեսարանը գրավիչ էր: Հրապարակում իսկական երևանյան իրարանցում էր: Սովորական անցորդին այն առաջին հայացքից կարող էր հիշեցնել 80-ականների վերջերի երևանյան ավանդական բակ, որտեղ բնակիչները զբաղված էին իրենց առօրյա հոգսերով: Տաղավարներից մեկում կանայք լվացք էին անում, բուրդ չփխում ու ճաշի պատրաստություն տեսնում, մյուսում տղամարդիկ տարված էին նարդի ու ծախմատ խաղալով, իսկ երեխաները վազվզում էին բակով մեկ, գնդակ խաղում ու ցրում տիկին Դոնարայի բուրդը: Տիկին Դոնարան մեկ նախատում էր Մոմիկին ու Նունիկին, որոնց գնդակն անընդհատ հայտվում էր բրդի մեջ, մեկ փորձում էր համոզել նորեկ հարևան Դավիթին, որին շատ էր հավանել, որ ծանոթանա իր աղջկա հետ, հաջորդ պահին երաժիշտների նոստալջիկ մեղեդու ներքո վալս էր պարում հարևաներից մեկի` գիտնական Հայկի հետ: Տիկին Նառան ինքնամոռաց լվածք էր անում, որն ասես անսպառ լիներ: Իսկ լվանում էր վերոհիշյալ սպիտակ շապիկները` մարդուկների նկարներով, որոնք չորացնելուց հետո մեծահոգաբար բաժանում էր ներկաներին: Նարդի խաղացողներին միացավ նաև իրարանցմանը հետևող Հրանտ Թոխատյանը: Միջոցառման կազմակերպիչները հրապարաոկւմ հավաքվածներին կարկանդակ հյուրասիրեցին` նրանց մասնակից դարձնելով բակի «առօրյային»: Հայկական բակին հատուկ ուրախ իրարանցումն Աբովյան փողոցում ավարտվեց, երբ եկավ այնքան սպասված սերիալի ժամը, և մեր հերոսները գնացին տներով` հավանաբար 564-րդ սերիան դիտելու:
Այսպիսին էին երևանյան ծանոթանծանոթ կերպարները, որոնց այսուհետ կարող ենք հանդիպել www.hayland.am ինտերնետային կայքում: Այն սոցիալական ցանց է և նպատակ ունի օգնելու մարդկանց վիրտուալ կապ պահպանել ընկերների ու ազգականների հետ, ինչպես նաև ստեղծել նոր ծանոթություններ, տեղեկանալ ընկերների կյանքի ամենավերջին նորություններին, տպավորություններ ու կարծիքներ փախանակել: Այս ամենի համար անհրաժեշտ է գրանցվել կայքում ու ստեղծել սեփական էջը, տունը: Բնակչի տունը կառավարման յուրահատուկ կենտրոն է: Այդտեղ կարելի է խմբագրել սեփական տվյալները, բեռնել լուսանկարները, անձնական օրագրում գրառումներ կատարել, դիտել ընկերների ցուցակը, այցելուներին և գտնել շատ այլ հետաքրքիր տեղեկություններ: Միջոցառման կազմակերպիչները համոզված են, որ կայքը կարդարացնի իրեն և որ հայերը կհամախմբվեն հենց հայկական միջավայրում, իսկ դերասանները մեծ ոգևորվածությամբ նշում են, որ վերապրեցին մի ժամանակաշրջան, որի մասին բավական շատ էին լսել, բայց որն իրենք չէին տեսել:
ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԻՇԵՑՆԵԼ ՁԵԶ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՄԱՍԻՆ : Այն, ինչպես և պլանավորված էր, տեղի է ունենալու ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ին (վաղը), ժամը 17.30, ԿԻՆՈ ՄՈՍԿՎԱՅԻ դիմացը` Շարլ Ազնավուրի հրապարակում: Սպասվում են շատ համով ու շաաաաաաատ հետաքրքիր միջոցառումներ: Մեծ պատիվ ու մեծ ուրախություն կլինի մեզ հանդիպել Ձեզ այնտեղ: